Հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանի տասներկուերորդ մայրաքաղաքը Երևանն է' աշխարհի հնագույն քաղաքներից մեկը: Այն գտնվում է Արարատյան դաշտավայրում' Հրազդան գետի ստորին հոսանքի շրջանում:
1996թ. մայրաքաղաքի վարչական բաժանմամբ ձևավորվեցին 12 թաղային համայնքներ, իսկ ՀՀ օրենքով Երևանը ձեռք բերեց համայնքի կարգավիճակ: Նախկին 12 համայնքները վերակազմավորվեցին վարչական շրջանների:
Նրանց մեջ իր ուրույն տեղն ունի Էրեբունի վարչական շրջանը:
Էրեբունի վարչական շրջանն ընդգրկում է Նոր Բութանիա, Նոր Արեշ, Վարդաշեն, Արգիշտի, Էրեբունի զանգված, Արցախ, Դավիթ Բեկ բնակելի թաղամասերը, Սարի Թաղը, Մուշականը, Ջրաշենը, Տիգրան Մեծի, Արցախի պողոտաները և այլն: Ընդհանուր տարածքը շուրջ 441 հա, բնակչության թիվը' 119, 2 հազար (ըստ 2001թ. մարդահամարի տվյալների)' Երևանի բնակչության 10,8 տոկոսը:
Վարչական շրջանում իր գեղեցկությամբ աչքի է ընկնում Վարդավառի զբոսայգին' իր արհեստական լճով: Զբոսայգին ընդգրկում է 21 հա տարածք, որից լիճը' 8 հա ջրի հայելիով: Այն արհեստական ջրամբար է, կառուցվել է դեռևս ՈՒրարտական ժամանակաշրջանում, Ք. ա. 8-րդ դարում, և հետագայում մի քանի անգամ ճահճացել է, սակայն նորից վերանորոգվել է: Այն բնական փոս է, որի առջևում պատրաստվել է արհեստական պատվար, գտնվում էր Չոլօմաքչի առվի ներքևի մասում: Այստեղ ձմռանը և գարնանը հավաքում էին ջուր, իսկ ամռանը բաց էին թոցնում ոռոգման նպատակով:
1578թ. Երևանի խան Մուհամմադ Թոխմախ ՈՒսթհաջլուն այն վերանորոգել է և անվանադիր դարձել լճակին: Ավանդության համաձայն' լսելով գեղեցկուհի ՈՒբու-Հայաթի ինքնասպանության լուրը, նրա փեսացու Թոխմախ խանը իրեն նետել է այս լիճը և խեղդվել: Լիճը խանի անունով կոչվել է Թոխմախան գյոլ: 1991թ. լիճը և այգին վերանվանել են:
Նոր Բութանիա թաղամասն ընկած է Երևանի երկաթուղային կայարանի դիմային մասից դեպի Վարդավառի լիճ: Այն հիմնադրվել է 1925թ.: Այստեղի առաջին բնակիչները' թվով 60 ընտանիք, Պատմական Հայաստանի Բութանիա նահանգից Հայաստան գաղթած, ապա հայրենիք եկած հայեր էին, որոնք զբաղվում էին շերամապահությամբ և ծխախոտագործությամբ: Երևանում նոր թաղամաս հիմնելով' ի հիշատակ կորուսյալ երկրի' անվանում են Նոր Բութանիա:
Նոր Արեշը նույնպես Պատմական Հայաստանի Արեշ գավառի վերանվանումն է: Այստեղ առաջին բնակիչները եկել են Ադրբեջանի Նուխի տարածքից, այնուհետև 1946թ. Նոր Արեշի և Վարդաշենի բնակչությունը ստվարացել է ի հաշիվ Սիրիայից, Հունաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Եգիպտոսից և այլ վայրերից գաղթած հայերի:
Վարդավառ լճի հարևանությամբ գտնվում է Գաջեգործների փողոցը /տարածքում գտնվող Գաջի գործարանի անվանադրմամբ/, որտեղ տեղադրված է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարը: Այն իրենից մեծ արժեք է ներկայացնում այն առումով, որ առաջինն էր Երևանում և ուխտատեղ դարձավ շատ գաղթականների ու, մասնավորապես, Նոր Արեշի և Նոր Բութանիայի բնակիչների համար:
Էրեբունու թաղերից է Մուշականը, որը հնում կոչվել է Շորաղբյուր կամ Շորբուլաղ գյուղ: 1965թ. սկսած մտել է Երևան քաղաքի մեջ:
Ջրաշենը նույնպես հնում գյուղ է եղել, հայտնի է Տոլկ, Տոլք, Վերին Ջրաշեն, Փալանթյոքան անուններով: Հետագայում ներառվել է Երևան քաղաքի մեջ, այժմ Էրեբունի վարչական միավորի մեջ է:
Էրեբունի ամրոցը պատմահնագիտական արգելոց-թանգարան է' հիմված 1968թ.' Երևանի 2750-ամյա տոնակատարության շրջանակներում: Էրեբունու միջնաբերդը կոչվել է Արին-Բերդ, այսինքն' արնագույն բերդ-բլուր: Էրեբունու բլրի արևմտյան լանջին կառուցված թանգարանի երկհարկանի շենքը մի յուրատիպ շինություն է, որտեղ պահպանվում են շուրջ 12.235 պատմական մեծ արժեք ունեցող ցուցանմուշներ: Արգելոցում մինչ օրս էլ շարունակվում են պեղումները և օրեցօր հարստացնում են թանգարանի ֆոնդային հավաքածուները: Էրեբունի համայնքի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանի ջանքերով թանգարանի դիմային մասում տեղադրվել է ամրոցի հիմնադիր Արգիշտի 1-ին արքայի տուֆակերտ արձանը /քանդակագործ' Լևոն Թոքմաջյան, 2002թ./:
1972թ., երբ Երևանում գրանցվեց միլիոններորդ բնակիչը, սկսվեց Երևանի մետրոպոլիտենի շինարարությունը: 1987թ. շահագործման հանձնվեցին հինգ կայարաններ, որոնց մեջ իր առանձնահատուկ տեղն ուներ կայարանը: Այն գտնվում է Հայաստանի գլխավոր երկաթուղային կայարանի հարևանությամբ: Երկաթուղային կայարանի դիմաց Սասունցի Դավիթ հրապարակն է, որի կենտրոնում վեր է խոյանում հայկական էպոսի հերոս Սասունցի Դավթի հոյակերտ արձանը: Պղնձակոփ արձանի հեղինակն է Ե. Քոչարը. այն տեղադրվել է 1959թ. բազալտե ժայռանման պատվանդանի վրա:
Կայարանամերձ տարածքում կա ուշ բրոնզեդարյան բնակավայր Մուխաննաթ-թափա կամ թեփե կոչված բլրի վրա: Ըստ պատմական տվյալների' 1-2-րդ դարերում Երևանի բնակչությունը Արին-Բերդից տեղափոխվել է դեպի Մուխաննաթ-թափա և Կոնդ: Ըստ Ղանաշանյանի ' բլուրը Մուխաննաթ /նենգ/ է կոչվում այն պատճառով, որ Թոխմախան խանի հարսնացու գեղեցկուհի Աբու-Հայաթը այստեղ է նենգորեն խաբվել և ինքնասպանություն գործել:
1967թ. նոյեմբերի 30-ին ՀԿԿ Կենտկոմը և ՀԽՍՀ մինիստրների սովետը համատեղ որոշում ընդունեցին 1968թ. հոկտեմբերի երկրորդ կեսին տոնել Երևանի 2750-ամյակը: Տոնակատարության համար հիմք հանդիասացավ Արգիշտի 1-նի թողած 13 տողանոց արձանագրությունը, որը գտավ 1950թ. ճարտարապետ Կ. Հովհաննիսյանը: Սեպագիր արձանագրությունը յուրօրինակ ծննդյան վկայական հանդիսացավ մայրաքաղաք Երևանի համար: Հայտնի ուրարտագետ Մ. Իսրայելյանը վերծանեց արձանագրությունը և կարծիք հայտնեց, որ Էրեբունի նշանակում է հաղթանակ:
Տոնակատարությունը մեծ նշանակություն ունեցավ նաև պատմամշակութային արժեքների ստեղծման գործում: 1968թ. ավարտին հասցվեց Ն. Վ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի նոր շենքի շինարարությունը, որը գտնվում է Էրեբունի փողոցի վրա: Միջոցառումներից ամենակարևորները թանգարանի և համանուն փողոցի հանդիսավոր բացումն էր 1968թ. հոկտոմբերի 20-ին:
Մենք' Էրեբունի վարչական շրջանի բնակիչներս, մեծ հպարտություն ենք ապրում, երբ նայում ենք Երևան քաղաքի դրոշին, զինանշանին և երգում ենք օրհներգը: Դրոշի /հեղինակներ' Կարապետ Փաշայան և Կարապետ Աբրահամյան/ կենտրոնում քաղաքի զինանշանն է, որը շրջանակված է Հայաստանի 12 մայրաքաղաքները խորհրդանշող փոքրիկ եռանկյունիներով, իսկ զինանշանի վրա /1995թ. ընդունված, հեղինակ' Ալբերտ Սոխիկյան/ բրոնզի և ծիրանագույն երանգների վրա կապույտով պատկերված է հաղթական դիրքով կանգնած թագադիր առյուծը' գավազանը ձեռքին, որը ուրարտական գլխավոր աստված Խալդիի խորհրդանիշն է: Առյուծի կրծքին ամրացված վահանին ուրվագծվում են հավերժանշանն ու Արարատ լեռը: Երևան քաղաքի օրհներգը /հեղինակներ' Պարույր Սևակ, Էդգար Հովհաննիսյան/ հանրաճանաչ երգն է: